Էջ:Վերք Հայաստանի 118.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է




Բարի որդիքդ սիրով պահեիր,
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր,
Ու հազար անմեղ հոգի գառնի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես:


Ետ դա՛ռ, անցավոր, ա՜խ, ո՞ւր ես գնում,
Մի՞թե արյան ծովն առաջիդ չտեսնում.
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած,
Արինաշաղախ հողումը քցած՝
Մանուկն մոր սրտին, հարսը փեսային,
Որդին հոր դոշին, աղջիկն մոր ծծին,
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին,
Արյուն, արտասուք, մազ ու հող, երես՝
Իրար շաղախված, հնձած ծաղկի պես,
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել,
Քար ու դաշտ ու հող արնով լվացել,
Քեզ ձեն են տալիս, թե որ անց կենաս,
Խլղարաքիլսեն մտնես կամ դուս գաս,
Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛,
Աղլուխն ա՛ռ ձեռդ, սրբի՛ր ու մեկ լա՛.
Չոքի՛ր էն հողի, է՛ն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լա՛ց, սուգ արա՛,
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թե մեկ ազգ իրան, որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան աչքից կըքցի:


<9>


— Տղե՛րք, օյաղ կացե՛ք, թվանքներդ հազրեցե՛ք, երեխեք, օղլուշաղ բերե՛ք, մեր տունն ածեցե՛ք,— ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն աղա Սարգիսը,— փառք աստուծո, տունս հացով լիքն ա, գոմեշներս՝ կթի. ինչ ունիմ ձերն ա. ձեր տավարն էլ, որքան կարեք, գեղին մոտացրե՛ք. սիրտըներդ պինդ պահեցե՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս՝ բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա: Մենք քրդերի ու օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանա: Երկինքն էլ որ թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չե՛ն կարող